6:41 PM
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը 108 տարեկան է․ երեք տասնյակից ավել ծառայողներ պարգևատրվեցին

Տեղի ունեցավ շնորհակալագրերի և մեդալների հանձնման հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվան։

Միջոցառման ընթացքում շնորհակալագրերով պարգևատրվեցին 31 ծառայողներ, որոնց թվում՝
• 11 պարեկային ծառայող,
• 2 գվարդիայի ծառայող,
• 11 համայնքային ոստիկան,
• 7 քրեական ոստիկանության ծառայող։

Բացի այդ, 4 ծառայող արժանացան «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Փյունիկի աստղ» մեդալի՝ ցուցաբերած բարձր բարեվարքության, պրոֆեսիոնալիզմի, ծառայողական նվիրման և քաղաքացիական հասարակության հետ ակտիվ համագործակցության համար։ Մեդալակիրներն են՝
• ՆԳՆ բարեվարքության հարցերով կազմակերպիչ Անահիտ Կարապետյանը,
• Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանը,
• Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ տեղեկատվության ապահովման վարչության պետ Արմեն Աբրահամյանը,
• Արարատի գումարտակի պարեկ Մուշեղ Վարդանյանը։

Միջոցառմանը ներկա էր նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականություններ կատարող Կարեն Խաչատրյանը։

Միջոցառումը կազմակերպվել էր «Ռազմավարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոնի և Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության համագործակցության շրջանակում։

Միջոցառման ընթացքում հնչեց հիմնադրամի գործադիր տնօրենի ուղերձը, որտեղ մասնավորապես նշվում էր, որ ոստիկանության ծառայությունը պետական ծառայության բացառիկ ձևերից է, որտեղ երդումը հաստատվում է ամենօրյա գործողությամբ, պատասխանատվությամբ և անձնական նվիրումով։ Կարևորվեց ոստիկանության դերը՝ օրենքի գերակայության ապահովման, հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության պաշտպանության գործում։

Ուղերձում ընդգծվեց նաև, որ ներկայում ոստիկանությունը գտնվում է զարգացման և արդիականացման կարևոր փուլում՝ ձևավորելով ժամանակակից, հաշվետու և հասարակության վստահությունը վայելող համակարգ։ Այս գործընթացում առաջնային նշանակություն ունեն ծառայողների մասնագիտական արժանապատվությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և պետությանը նվիրված ծառայությունը։

Հատուկ երախտագիտությամբ ընդգծվեց պարգևատրված ծառայողների ներդրումը՝ նշելով, որ հանձնվող շնորհակալագրերն ու մեդալները ոչ միայն անհատական գնահատանքի արտահայտություն են, այլ նաև հասարակության կողմից տրվող բարձր գնահատական՝ նվիրված աշխատանքի, ծառայողական քաջության և հայրենիքին մատուցած ծառայության համար։

Միջոցառման շրջանակում համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականություններ կատարող Կարեն Խաչատրյանը, Պարեկային ծառայության պետը և ՆԳՆ բարեվարքության կազմակերպիչը իրենց շնորհակալությունն հայտնեցին Կենտրոնին՝ ոստիկանության կողքին լինելու, վերապատրաստման ծրագրերին աջակցելու և ծառայողներին գնահատելու կարևոր նախաձեռնության համար։

Միջոցառման ավարտին շնորհակալություն հայտնվեց ոստիկանության բոլոր ծառայողներին՝ օր ու գիշեր իրականացվող պատասխանատու աշխատանքի, հանրային անվտանգության ապահովման և պետության կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

 

Լուսանկարները՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության

Views: 104 | Added by: NCSArmenia | Tags: ՆԳՆ, մեդալ, պարեկ, ոստիկան | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar
close