8:03 AM ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն ԻՀԿ | |
|
Այսօր համացանցում տարածված տեսանյութը, որտեղ ակնհայտորեն երևում է քաղաքացու նկատմամբ խոշտանգման դրսևորում՝ ոստիկանության ծառայողի մասնակցությամբ, հերթական անգամ լրջագույն հարցեր է բարձրացնում մարդու հիմնարար իրավունքների պահպանման, վերահսկողության արդյունավետության և պատասխանատվության անխուսափելիության վերաբերյալ։ ՆԳ նախարարի մամուլի խոսնակի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նշանակվել է ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են, իսկ առերևույթ հանցագործության փաստով տրվել է հաղորդում։ Թեև այս արձագանքը անհրաժեշտ նվազագույն քայլ է, այն ոչ բավարար է հանրության մեջ առաջացած լուրջ իրավական և բարոյական ճգնաժամը հաղթահարելու համար։ Խնդիրը ծառայողական կարգապահության սահմաններից դուրս է Լրագրող Սյուզի Բադոյանի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ տեսանյութում խոշտանգվող անձը ենթադրյալ հանցագործի հարազատն է, այսինքն՝ ոչ կասկածյալ, ոչ մեղադրյալ, ոչ էլ որևէ դատավարական կարգավիճակ ունեցող անձ։ Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա գործ ունենք ոչ միայն խոշտանգման, այլ՝ • անմեղ քաղաքացու նկատմամբ բռնության, • ապօրինի ազատությունից զրկման, • ցուցմունք կորզելու նպատակով շանտաժի, • ծառայողական լիազորությունների ակնհայտ գերազանցման, որոնք ՀՀ Քրեական օրենսգրքով որակվում են որպես ծանր հանցագործություններ, և որևէ կերպ չեն կարող «մեղմվել» ծառայողական քննությամբ։ Ավելին՝ հրապարակման մեջ նշվում է, որ ենթադրյալ խոշտանգումը կատարվել է վարչական ղեկավարության գիտությամբ կամ թողտվությամբ։ Եթե այս հանգամանքը նույնպես ստանա փաստական հաստատում, ապա պատասխանատվությունը պետք է լինի ոչ միայն անմիջական կատարողի, այլև հրամանատարական շղթայի ամբողջությամբ։ Խոշտանգումը բացարձակ արգելված է. առանց «բայց»-երի Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրությունը, ՄԻԵԿ-ը և ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիան բացարձակ կերպով արգելում են խոշտանգումը, անկախ անձի կարգավիճակից, մեղադրանքի ծանրությունից կամ օպերատիվ շահից։ Խոշտանգման համար չկա արդարացում, չկա բացատրություն, չկա «օպերատիվ անհրաժեշտություն»։ Այն պահից, երբ խոշտանգումը դառնում է «գործիք», իրավապահ մարմինը դադարում է լինել օրենքի երաշխավոր և վերածվում է վտանգի աղբյուրի հենց քաղաքացիների համար։ «Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն» ԻՀԿ-ն կարևոր է համարում ընդգծել, որ կենտրոնը ներգրավված է եղել Քրեական ոստիկանության առաջին հոսքի ընդունելության հարցազրույցների փուլում՝ որպես քաղաքացիական վերահսկողության սուբյեկտ։ Այս հանգամանքը մեզ տալիս է ոչ միայն հանրային խոսքի իրավունք, այլև բարոյական և մասնագիտական պարտավորություն արձանագրելու՝ եթե համակարգում շարունակվում են խոշտանգման և ապօրինի մեթոդների կիրառման դեպքերը, ապա դա նշանակում է, որ. • ընտրության և վերապատրաստման գործընթացները դեռևս ունեն լուրջ բացեր, • ներհամակարգային վերահսկողությունը չի գործում բավարար արդյունավետությամբ, • իսկ «զրո հանդուրժողականության» քաղաքականությունը մնում է հայտարարության մակարդակում։ «Ոստիկանության քաղաքացիական վերահսկողության կենտրոն» ԻՀԿ -ն պահանջում է․ 1. Ապահովել անկախ, հրապարակային և արդյունավետ քրեական քննություն, 2. Բացահայտել և պատասխանատվության ենթարկել ոչ միայն կատարողին, այլ նաև վերադաս հրամանատարությանը կամ թողտվություն տված պաշտոնյաներին, 3. Տուժած անձին ճանաչել որպես խոշտանգման զոհ և ապահովել նրա իրավունքների ամբողջական պաշտպանությունը, 4. Հանրությանը տրամադրել քննության ընթացքի վերաբերյալ իրական, ոչ ձևական տեղեկատվություն, 5. Վերանայել Քրեական ոստիկանությունում վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմները։ Ոստիկանությունը կարող է վայելել հանրային վստահություն միայն այն դեպքում, երբ օրենքը պաշտպանում է քաղաքացուն, ոչ թե խախտվում նրա դեմ։ Խոշտանգումը համակարգային խնդիր է դառնում այն պահին, երբ դրա համար պատասխանատվությունը դառնում է ընտրովի։ Կենտրոնը շարունակելու է իր վերահսկողական և հանրային գործունեությունը՝ մինչև խոշտանգման յուրաքանչյուր դեպք ստանա իրավական հստակ գնահատական և իրական հետևանք։ | |
|
| |
| Total comments: 0 | |
